BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Պուտինը, Թրամփը և Ասանժը մեկ նավակում

Պուտինը, Թրամփը և Ասանժը մեկ նավակում
17.03.2017 | 01:16

Ռուսաստանը դարձել է դանդաղ գործող ական նախագահ Թրամփի վարչակազմի պաշտոնյաների համար՝ գրում է Դեն Բալցը The Washington Post-ում: Նրանք չեն կարող անցնել ականի կողքով և ինքնասածություն են դրսևորում, երբ պետք է ընդունել՝ ինչ արդեն հայտնի է: Նրանք չեն կարող ականի կողքով անցնել, որովհետև անկեղծ չեն եղել իրենց արածների մասին: Նրանք չեն կարող ականի կողքով անցնել, որովհետև չգիտեն՝ ինչ չգիտեն: Կարևոր է հիշել, որ սկանդալի մասին ամեն ինչ չէ հայտնի, մասնավորապես՝ Թրամփի նախընտրական շտաբի պաշտոնյաների ու նրա խորհրդականների շփումների մասին ռուսների հետ: Անկասկած՝ շփումներ եղել են: Որոշ շփումներ առօրեական են, սակայն այդ շփումների հանգամանքներն ու բովանդակությունն ամբողջությամբ հայտնի չեն: Գուցե նրանք ոչինչ կամ համարյա ոչինչ չպարզաբանեն, գուցե էական բացահայտումներ լինեն: Նախագահի վարչակազմի խնդիրը բարդացնում է, որ Թրամփը, ակնհայտորեն, ամբողջ պատմությունն ընկալում է իբրև իր նախագահությունը լեգիտիմությունից զրկելու փորձ: Նախագահը շարունակում է խուսափողական պատասխաններ տալ հարցին՝ հավատո՞ւմ է հետախույզների եզրակացություններին: Արդյունքում և նա, և մյուսները փորձում են ցանկալին իրականի տեղ ներկայացնել՝ տեսք ընդունելով, թե էական ոչինչ չի եղել:

Հինգշաբթի օրը, երբ Սեշնսը կրակի տակ էր, և նոր տեղեկություններ հայտնվեցին ռուսների հետ Թրամփի վարչակազմի շփումների մասին, նախագահը հարցի հետագա հետաքննությունն անվանեց վհուկների որս: Շաբաթ օրը նախագահը օգտագործեց դասական միջոց՝ նոր սկանդալ ստեղծելու համար՝ Twitter-ում նա մեղադրեց Օբամայի վարչակազմին՝ Թրամփ թաուերում իր խոսակցությունները գաղտնալսելու մեջ: Մեղադրանքը հաստատող ոչ մի հանցանշան նա չբերեց: Ռուսական հետաքննության մեջ մի քանի տարրեր կան: Ամենամեծ խնդիրը՝ այլ երկրի կառավարության փորձն է ներդրվել ԱՄՆ ընտրություններում և խարխլել հավատը աշխարհի առաջատար ժողովրդավարական կառավարության նկատմամբ: Նվազ կարևոր չէ պատասխանել հարցին՝ եղե՞լ է գաղտնի համաձայնություն կամ համագործակցություն Թրամփի շտաբի և ռուսների միջև՝ նպատակ ունենալով վնասել Քլինթոնի շտաբին: Ինչքան էլ Թրամփը ցանկանում է այդ ամենը ջնջել ու մի կողմ գցել, չի կարող: Իրականում հետաքննությունը ամենավաղ փուլում է:

Կոնգրեսը նույնիսկ չի սկսել վկաներին կանչել: Հորիզոնում երևում է հատուկ դատախազի հեռանկարը: Դա դարձել է Թրամփի նախագահության առաջին տարվա օրակարգի մաս, առողջապահության և հարկահանության ոլորտներում նախաձեռնությունների հետ: Նախագահին նոր ռազմավարություն է պետք՝ հաշվի առնելով ռուսական խնդրի բարդության իրական աստիճանը:


Հուբերտ Վետցելը Suddeutsche Zeitung-ում գրում է՝ նախագահ Թրամփը կայծակ ու որոտ է արձակում իր նախորդի՝ նախագահ Օբամայի վրա և պնդում է, որ իրեն դավադիրներ են շրջապատում: Ի՞նչ է կատարվում ԱՄՆ նախագահի աշխատակազմում: Հավանականության առավել քան բարձր տոկոսով կարելի է հաստատել, որ Բարաք Օբաման ոչինչ չի արել այն ամենից, ինչում նրան մեղադրում է Դոնալդ Թրամփը: Հազիվ թե Օբաման հանձնարարել է գաղտնալսել հանրապետական կուսակցության թեկնածուի հեռախոսային խոսակցությունները: Twitter-ում առավոտյան գրառման մեջ Թրամփն ավելի շուտ բացահայտում է իր պարանոյիկ հակումները և հուզական արձագանքների վերահսկողության բացակայությունը: Բայց մի հարցում Թրամփը ճիշտ է՝ ինչ-որ մեկը հատուկ ծառայություններից կամ ազգային անվտանգությունից ԶԼՄ-ներին մատակարարում է խնդրահարույց տեղեկություններ: Առայսօր կուտակվել է չափազանց շատ տեղեկատվություն՝ հիմնված Ռուսաստանի հետ Թրամփի մերձավոր շրջապատի կապերի մասին արժանահավատ տեղեկությունների վրա, որ դեռ հավատաս պատահական համընկնումներին: Մինչև հիմա հայտնի չէ՝ ինչպես են այդ շփումներն իրականացվել: Գլխավոր հարցը՝ ինչո՞ւ է կազմակերպվում այդօրինակ նյութերի արտահոսքը: Թրամփը և նրա շրջապատը համառորեն պնդում են, որ Օբամայի շուրջ հավաքվել են հատուկ ծառայությունների, ՀԴԲ-ի, պետքարտուղարության և այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ՝ ձախերով շրջապատված և ձգտում են վնասել ու գահընկեց անել Թրամփին: Իրենք՝ «դավադիրները», ով էլ լինեն, համարում են, որ այլ առաքելություն ունեն: Վաշինգտոնից տարբեր տեղեկություններ կան, որ գերատեսչություններում աշխատում են լավ տեղեկացված մարդիկ, ովքեր Թրամփին համարում են ոչ այլ ոք, եթե ոչ նախագահ Վլադիմիր Պուտինի խամաճիկ: Իբր՝ ռուսական հատուկ ծառայությունները նախ օգնել են նախագահ Թրամփին Սպիտակ տուն գալ, իսկ հիմա նրան շանտաժում են: Երկու վարկածներից ո՞րն է ճիշտ: Նախագահին գնդակոծում են, որովհետև նա վարում է «ոչ ճիշտ» քաղաքականությո՞ւն Ռուսաստանի նկատմամբ, կամ իշխանական բուրգի անանուն հայրենասերները փորձում են փրկե՞լ ԱՄՆ-ը ու ամբողջ ազատ աշխարհը: Հարցի պատասխանը հայտնի չէ: Հայտնի է, որ ԱՄՆ քաղաքականությունը խժռում են պարանոյան ու կասկածամտությունը: Եվ դա կշարունակվի այնքան, քանի դեռ «Թրամփ-Ռուսաստանի» թեմայում ամեն ինչ պարզաբանված չէ: Միակ ատյանը, որ կարող է լույս սփռել այդ գործին, ԱՄՆ Կոնգրեսն է: Սակայն Կոնգրեսը այդ թեմայով, ավաղ, չի հետաքրքրվում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Իսկ ընդհանրապես Թրամփի վարչակարգի ներսում սկանդալային բոլոր պատմությունների հիմքում մեկ իրողություն է՝ նրան շրջապատում են պետական կառավարման համակարգի նրբություններին անտեղյակ կամ այդ համակարգի հետ նախկինում խնդիրներ ունեցած մարդիկ: Ի վերջո, որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ նախագահի թեկնածուն և ընտրված նախագահը բոլորովին տարբեր մարդիկ են՝ ինչ կարող է անել թեկնածուն, ոչ միշտ կարող է նախագահն իրեն թույլ տալ: Պաշտոնը ստանձնելու առաջին մի քանի օրերին Դոնալդ Թրամփը անկեղծորեն ու շատ լուրջ փորձեց մնալ ընտրարշավի ժամանակվա վճռական և ուժեղ «տղան», բայց աստիճանաբար համակարգը նրան վերադարձրեց իրականության զգացումը՝ հասկացնելով, որ միայն հեքիաթներում ցանկության ու իրականության միջև անցում կամ չկա, կամ մի քայլ է, իրականում այդ ճանապարհին երբեմն ամբողջ կյանքը չի հերիքում: Ռուս-ամերիկյան հարաբերությունների մեղրամիսը օրինաչափորեն կարճ պիտի լիներ՝ և ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Կիսլյակի հետ նախընտրական շրջանում հանդիպած և հետո պաշտոն ստացած բոլոր անձանց պաշտոնանկելու գործընթացի պարագայում հետագիծը հասնելու է ԱՄՆ նախագահին՝ նա էլ է Կիսլյակի հետ հանդիպել ու զրուցել: Եվ գուցե երկուստեք էլ մոռացել են՝ ինչի մասին: Դեսպանը պատրվակ է՝ ժամանակ լցնելու համար՝ մինչև կողմերը իրոք պատրաստ կլինեն հանդիպման ու միմյանց ոչ միայն լսելու, այլև ասելիք ունենալու: Իսկ այդ ընթացքում ԱՄՆ նախագահը հասցրեց ստորագրել ներգաղթը կարգավորող երկրորդ հրամանագիրը՝ շատ ավելի մեղմ, բայց սկզբունքորեն նույն թեզերով: Նա չի նահանջում նաև Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու մտադրությունից:


Իսկ երեկ ԱՄՆ ԿՀՎ-ն մեղադրեց Wikileaks կայքին, որ նրա հրապարակումները, որտեղ ինչպես հեղինակներն են հաստատում, բացահայտվում են ԱՄՆ հատուկ ծառայությունների հաքերային գործիքները, սպառնում են ԱՄՆ անվտանգությանը: «ԱՄՆ-ի հասարակությունը պետք է խիստ տագնապ ապրի Wikileaks-ի արտահոսքերից, որոնք ուղղված են ԱՄՆ հատուկ ծառայություններին վնասելուն և թուլացնելուն ԱՄՆ-ը ահաբեկիչներից ու մյուս թշնամիներից պաշտպանելու ունակությանը»՝ հայտարարեց ԿՀՎ-ի պաշտոնական ներկայացուցիչ Խեզեր Ֆրից Խորնիակը: Նա ոչ հաստատեց, ոչ հերքեց հրապարակված փաստաթղթերի իսկությունը: Երեքշաբթի օրը Wikileaks-ը հազարից ավելի փաստաթղթեր էր հրապարակել, որոնք բացահայտում են համակարգիչների ու սմարթֆոնների համար նախատեսված վիրուսների գոյությունը, նաև ծրագրերը, որոնցով «խելացի» հեռուստացույցները վերածվում են գաղտնալսող սարքերի: ՀԴԲ-ն և ԿՀՎ-ն համատեղ հետաքննություն են սկսել գաղտնի տեղեկատվության արտահոսքի առնչությամբ, որոնց հետևում տեսնում են լրտեսական ցանցի առկայություն: Այդ փաստաթղթերի համաձայն՝ ԱՄՆ ԿՀՎ-ի կիբեռզենքերից են վիրուսները, որոնք կարող են վարակել գաջետները Windows, Android, iOS, OSX և Linux օպերացիոն համակարգերով և ինտերնետը: Խորնիակը նաև ասել է. «Այդ արտահոսքերը ոչ միայն հարվածի տակ են դնում ԱՄՆ հատուկ ծառայությունների աշխատակազմերին ու նրանց կազմակերպած հատուկ գործողությունները, այլև մեր հակառակորդներին զենք են տալիս, որ կարող է մեզ վնասել»:

Նա ընդգծել է, որ ԿՀՎ-ի գործողություններն ԱՄՆ քաղաքացիների դեմ չեն ուղղված: Օրենքով ԿՀՎ-ն իրավունք չունի հատուկ գործողություններ ձեռնարկել ԱՄՆ քաղաքացիների դեմ՝ ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ արտասահմանում: Իսկ Wikileaks-ը իր հրապարակումը անվանել է ԿՀՎ-ի հաքերային գործունեության բացահայտումների շարքից առաջինը: Կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը 2012-ից բնակվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, որ նրան քաղաքական ապաստան է տվել: Կայքը նշում է, որ ամբողջ տեղեկատվությունը վաղուց առանց վերահսկողության շրջանառվում է հաքերային շրջանակներում, որ նախկինում աշխատել են ԱՄՆ կառավարության համար և հիմա էլ աշխատում են: Շատ փորձագետներ Wikileaks-ի հրապարակած փաստաթղթերը համարում են իրական: Իսկ հիմա այս ողջ պատմությանը հավելեք, որ Ջուլիան Ասանժը համարվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համար աշխատող գործակալ, և կստանաք ռուս-ամերիկյան հարաբերությունների անցյալի, ներկայի ու ապագայի մասին պատկերացումներ, որոնց մասին չի խոսվում պաշտոնապես, բայց որոնք որոշում են այդ հարաբերությունների բնույթն ու հեռանկարները:

Դիտվել է՝ 1157

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ